Մեր մասին

Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոն

Նախորդ դարի 40-ական թվականներից Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (այն ժամանակ՝ ինստիտուտ) Փիլիսոփայություն առարկայի դասավանդումը իրականացնում էր Մարքսիզմ-լենինիզմի հիմունքների ամբիոնը՝ սկզբում Պատմության, ապա նաև` Բանասիրական ֆակուլտետներում: 1948 թ. Հոգեբանության-տրամաբանության ֆակուլտետի հիմնադրումը (գոյատևում է մինչև 1955-56 ուսումնական տարի) նպաստում է առարկայի հեղինակության բարձրացմանը և դրա դասավանդման սահմանների ընդլայնմանը: 1956 թվականից Փիլիսոփայության դասավանդումն իրականացնում է Քաղաքատնտեսության ամբիոնը:

1961 թ. Տաճատ Ալեքսանյանի գլխավորությամբ Փիլիսոփայության ամբիոնը վերաբացվում է:

1964-1973 թթ. Ամբիոնը ղեկավարում է փ.գ.թ., դոցենտ, ապա`դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թելունցը, 1990-1994 թթ.՝ Աղասի Խաչատրյանը, 1994-1999 թթ.` Ալբերտ Սահակյանը, 1999-2012 թթ.՝ Վահագն Աբրահամյանը:

Ամբիոնի առաջին դասախոսներից էին Հայկ Ազատյանը, Հայկազ Ասլանյանը, Մինաս Մարտիկյանը, Ղևոնդ Տոնոյանը, Ռուբեն Կարապետյանը, Կարապետ Բոստանջյանը, Պավել Ղազարյանը, Ջիվան Ղազարյանը, Աղասի Խաչատրյանը, Մովսես Առաքելյանը, ապա՝ Ղևոնդ Տոնոյանը, Աղասի Խաչատրյանը, Գևորգ Խեդոյանը, Ղևոնդ Տոնոյանը, Մովսես Առաքելյանը, Գառնիկ Մկրտչյանը, Պավել Ղազարյանը, Ռազմիկ Սահակյանը, Թամարա Վարդանյանը, Վլադիմիր Դոլուխանյանը, Ալբերտ Սահակյանը, Յուրա ՈՒդումյանը, Վահագն Աբրահամյանը, Մանվել Հարությունյանը, Անահիտ Ավետիսյանը, Անահիտ Թելունցը, Միասնիկ Սողոմոնյանը, Յուրի Մանուկյանը, Աշոտ Կարապետյանը, Վաչագան Գևորգյանը, Էլմիրա Վարդանյանը:

2006 թ. Համալսարանում Սոցիոլոգիա և մանկավարժություն մասնագիտության բացման արդյունքում Փիլիսոփայության ամբիոնը վերանվանվում է Փիլիսոփայության և սոցիոլոգիայի ամբիոն, իսկ 2009 թ. Փիլիսոփայության և սոցիոլոգիայի ամբիոնը տարալուծվում է երկու` Փիլիսոփայության և Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնների:

2011 թ. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ստեղծվում է Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտը (նախագահ` ակադեմիկոս Գեորգ ԲՐՈՒՏՅԱՆ): Ինստիտուտը ՀՊՄՀ-ի ստորաբաժանումն էր, ուներ իսկական, արտասահմանյան և պատվավոր անդամներ, համագործակցում էր միջազգային գիտահետազոտական կառույցների հետ, հետապնդում էր փիլիսոփայության, տրամաբանության և փաստարկման բնագավառներում կազմակերպել խնդրո առակա ոլորտների հետազոտությունները՝ զարգացնելով այդ ուղղությունները, Ինստիտուտի աշխատանքներում ներգրավել նշված հարցերով հետաքրքրվող դասախոսներին և ուսանողներին, կապեր հաստատել միջազգային այն գիտական կենտրոնների հետ, որոնք հետազոտություններ էին իրականացնում գիտության Ինստիտուտի հաստատած բնագավառներում, հրատարակել Ինստիտուտի աշխատակիցների գիտահետազոտական աշխատանքների արդյունքները Ինստիտուտի պաշտոնական հանդես Իմաստություն եռալեզու պարբերականում (խմբագրական խորհրդում ընդգրկված են մեծ թվով արտասահմանցի խոշոր փիլիսոփաներ)` այդ գործում ներգրավելով նաև մագիստրոսներին և ներկայացնել կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքները ՀՊՄՀ մանկավարժական պրակտիկայում:

Ինստիտուտի գիտահետազոտական գործունեության մեջ կարևորվում էին`

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ`

  • Մետափիլիսոփայության էությունը և զարգացման հեռանկարները.
  • 21-րդ դարի փիլիոսփայության հիմնահարցերի զարգացումների կանխատեսումը.
  • Լեզվի փիլիսոփայությունը:

ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ`

  • Փոխակերպական տրամաբանության կանոնների հետազոտությունը և համակարգումը, գիտական հետազոտությունների տրամաբանության համակարգի մշակումը.
  • Թարգմանությունների և տրամաբանության խնդիրների հետագա հետազոտությունը և գործնական կիրառման հանձնարարականների մշակումը:

ՓԱՍՏԱՐԿՄԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ`

Օգտագործելով Փաստարկման Երևանյան դպրոցի հետազոտությունների արդյունքները` շարունակել այն խնդիրների հետազոտությունները, որոնք առ այսօր իրենց լիարժեք լուծումը չեն ստացել (համոզման պրոբլեմը փաստարկման ընթացքում, փաստարկման և իրավաբանության փոխհարաբերությունները և այլն):

Առաջադրված խնդիրներն իրագործելու նպատակով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկա­վարժական համալսարանի, Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության մի­ջազգային գիտահետազոտական ինստիտուտի, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի (հիմնադիր նախագահ՝ ակադեմիկոս Գեորգ Բրուտյան (Հայաստան), համանախագահներ՝ ակադեմիկոսներ, Եվանգելոս Մոութսոուպոուլոս (Հունաստան) և Հանս Կոհլեր (Ավստրիա)) և Հայոց փիլիսոփայական ակադեմիայի (նախագահ՝ ակադեմիկոս Գեորգ Բրուտյան) համագործակցության արդյունքում 2011 թ. ձևավորվում է Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Տրամաբանության, տեսական և գործնական փիլիսոփայության, մշակութաբանության ամբիոնը, որի անդամներն ընդգրկված էին Ինստիտուտի կազմում:

Նույն թվականին ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի նախագահությամբ ստեղծվում է ՀՀ ԲՈՀ-ի 064 փիլիսոփայության և հոգեբանության մասնագիտական խորհուրդը:

Կրթության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի կազմում գործառնող երկու՝ Փիլիսոփայության (ամբիոնի վարիչ՝ Վահագն Աբրահամյան) և Տրամաբանության, տեսական և գործնական փիլիսոփայության, մշակութաբանության (ամբիոնի վարիչ Հասմիկ Հովհաննիսյան), ամբիոնների միավորման արդյունքում 2012 թվականի փետրվարի 6-ին հիմնվում է Փիլիսոփայության և տրամաբանության համահամալսարանական ամբիոնը, որի կազմում ընդգրկված էին փիլիսոփայական գիտությունների վեց դոկտորներ (ակադեմիկոս Գեորգ Բրուտյանը, ամբիոնի վարիչ Հասմիկ Հովհաննիսյանը, պրոֆեսորներ Ռոբերտ Ջիջյանը, Միհրան Խաչատրյանը, Էռնեստ Գրիգորյանը, Քաջիկ Օհանյանը) և փիլիսոփայական գիտությունների ութ թեկնածուներ (Ռոբերտ Կայծունին, Հովհաննես Հովհաննիսյանը, Մանվել Հարությունյանը, Աշոտ Գևորգյանը, Անդրանիկ Ստեփանյանը, Դավիթ Մոսինյանը, Հրանտ Քոչարյանը, Հովհաննես Ղազարյանը), ովքեր ակադեմիկոս Բրուտյանի տարբեր սերնդի աշակերտներն էին և շարունակում էին իրենց ուսուցչի հիմնած վերը նշված միջազգային կառույցների ավանդույթները, կազմակերպում տեսական սեմինարներ, միջազգային գիտաժողովներ, բաց դասախոսություններ, բազմաբնույթ թրեյնինգներ:

2015 թ. դեկտեմբերի 8-ին վախճանվեց Ինստիտուտի նախագահ և Ամբիոնի պրոֆեսոր ակադեմիկոս Գեորգ Բրուտյանը, ով հիմնադիր և հեղինակ է մի շարք գիտական ուղղությունների և մեթոդաբանական սկզբունքների, որոնք համաշխարհային գիտության մեջ կոչվում են հենց իր անունով: Դրանցից են՝ բազմատրամաբանության հայեցակարգը, փոխակերպական տրամաբանությունը, լեզվաբանական լրացչության սկզբունքը, փաստարկման տեսության բրուտյանական հայեցակարգը, Փաստարկման երևանյան դպրոցը, հայագիտության մեթոդաբանական սկզբունքները, հայ փիլիսոփայական մտքի հիմնահարցերի, մասնավորապես Դավիթ Անհաղթի տրամաբանական-փիլիսոփայական հայացքների ուսումնասիրությունը:

Հանճարեղ փիլիսոփայի մահից հետո Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտը լուծարվում է: Իմաստություն հանդեսի (կայք էջ՝ http://wisdomperiodical.com) հրապարակումը և Փոխակերպական հասարակության հիմնախնդիրները. մեթոդաբանական և մեթոդական տեսանկյուններ ՀՀ գիտության պետական կոմիտեի կողմից  ֆինանսավորվող բազային ծրագրի իրականացումը ստանձնում է Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնը:

Ամբիոնը համագործակցում է մի շարք արտասահմանյան համալսարանների և միջազգային գիտահետազոտական կենտրոնների հետ (մասնավորապես՝ Սոցիալ-հումանիտար կրթության ինստիտուտ (Բելոռուս), Բելոռուսի պետական համալսարան, Սանկտ-Պետերբուրգի պետական ճարտարագիտական-տնտեսագիտական համալսարան, Սանկտ-Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարան, Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարան, ՌԴ ԳԱԱ փիլիսոփայության ինստիտուտ, Տուրկուի համալսարան (Ֆինլյանդիա), Չեխիայի ԳԱԱ փիլիսոփայության ինստիտուտ, Ամստերդամի համալսարան, Հաղորդակցության և համակարգչային սիստեմների ինստիտուտ (Աթենք), Բուխարեստի պոլի­տեխնիկական համալսարան (Ռումինիա), Ուկրաինայի ԳԱԱ փիլիսոփայության ինստիտուտ, University of Wisconsin-Milwau­kee (ԱՄՆ), Բուլղարական ազգային խորհուրդ, Հռետորության բուլղարական ընկերակցություն) և այլն:

Ամբիոնի ողջ գործունեությունն արտացոլված է Ամբիոնի բլոգում (https://chairoflogicphiloscult.wordpress.com/), որտեղ կարելի է ծանոթանալ ամբիոնի կանոնադրությանը, պատմությանը, ռազմավարությանը, ինքնավերլուծությանը, կատարողականներին, գիտամեթոդական և ուսումնամեթոդական գործունեությանը, նիստերի պլաններին և արձանագրություններին, քննական և միջանկյալ ստուգումների հարցաշարերին, դասախոսությունների տեքստերին, էլեկտրոնային գրականությանը և իրականացվող մի շարք այլ գործառույթներին ու միջոցառումներին:

2013-2014 ուսումնական տարվանից սկսած ՀՊՄՀ մագիստրատուրայում և բակալավրիատի որոշ ֆակուլտետների հեռակա բաժիններում Ամբիոնն իրականացնում է հեռավար ուսուցում՝ Moodle ծրագրով:

 

Advertisements