Մանկավարժականում էր փիլիսոփայության պրոֆեսոր Մարիա Բաղրամյանը

Այսօր Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էր Դուբլինի համալսարանական քոլեջի փիլիսոփայության պրոֆեսոր, Իռլանդիայի թագավորական ակադեմիայի ընտրված անդամ, WISDOM փիլիսոփայական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ Մարիա Բաղրամյանը։

Գիտնականի հետազոտության հիմնական բնագավառներն են լեզվի փիլիսոփայությունը, ռացիոնալիզմը, 20-րդ դարի ամերիկյան փիլիսոփայությունը (Հիլարի Փաթնամ, Դոնալդ Դավիդսոն, Ռիչարդ Ռորթի, Ուիլլարդ Վան Օրման Քուայն), պրագմատիզմը, իմացաբանական և էպիստեմոլոգիական ուսումնասիրությունները։

Հանդիպման նախաձեռնությունը ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի անվան փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հասմիկ Հովհաննիսյանինն էր։

Բուհի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ քննարկվեցին համագործակցության հեռանկարներն ու փիլիսոփայության ոլորտում հնարավոր ծրագրերի իրականացումը։

ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը վստահեցրեց՝ իր ղեկավարած կառույցը հետաքրքրված է և պատրաստ նոր համագործակցության։

Ռեկտորն ընդգծեց՝ ՀՊՄՀ-ն հանրապետությունում միակ բուհն է, որ պատրաստում է մանկավարժներ՝ կրթության բոլոր օղակների համար. «Ձեր օժանդակությունը և բուհին գործընկեր դիտարկելը՝ կրթական ծրագրերի, արժեբանության, զարգացման տեսլականների փոփոխման առումով, կօգնի հստակեցնել նաև մեր հետագա անելիքները»։

Սրբուհի Գևորգյանը նկատեց՝ բուհի ներկայացրած ծրագրերը բովանդակային առումով ծանրակշիռ են, սակայն՝ բարելավման անհրաժեշտությունն ու հեռանկարներն անսպառ են։

Նա կարևորեց միջազգային ծրագերում երիտասարդ գիտնականների մասնակցությունը. նրանք են այն հիմնական խարիսխը, որ կօգնի զարգացնել գիտությունը։

Պրոֆեսոր Մարիա Բաղրամյանը վստահ է՝ մանկավարժական բուհի հետ գործընկերություն հնարավոր է տարբեր ոլորտներում. Հայաստանին օգնելը, երիտասարդ գիտնականներին աջակցելն ու գիտության ոլորտի առաջընթացին նպաստելը արտերկրում բնակվող իր և հայ ակադեմիկոսներից շատերի ցանկությունն է։

Մարիա Բաղրամյանը կարևորեց ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի նախաձեռնությամբ հիմնադրված Հայոց փիլիսոփայական ակադեմիայի անդամակցությունը Միջազգային փիլիսոփայական ընկերությունների ֆեդերացիային (FISP), որի նախագահության անդամ է նաև պրոֆեսորը։

Նա հույս հայտնեց, որ հայ փիլիսոփաները ևս կմասնակցեն Վենետիկում 2024 թվականին կայանալիք Համաշխարհային փիլիսոփայական կոնգրեսին, ինչը բացառիկ իրադարձություն է համաշխարհային փիլիսոփայական կյանքում։

This entry was posted in Տոնական համերգ. Bookmark the permalink.

Leave a comment